«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Գումարը վճարում ես, և վերջ

Գումարը վճարում ես, և վերջ
17.04.2025 | 16:14
Երևանի անձնագրայիններում (Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն), օրինակ, Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինում, 20-րդ դարի 80-ականներն են:
Տեղիք տալով Փաշինյան Նիկոլի հերթական կամակորությանը, քաղաքացին որոշեց ID-քարտ ստանալ:
Հունվարն էր: Օնլայն հարթակում այցի ամենամոտ օրը ապրիլի 17-ն էր: Ընդ որում, քաղաքացու համար շատ անհարմար ժամին և նույնքան անհարմար վայրում` Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինում:
Ինչևէ, քաղաքացին տերմինալից վերցնում է կտրոնը, որի վրա գրված է հերթագրման համարը և սպասում: Պայմանավորված ժամը վաղուց անցնում է, սակայն էլեկտրոնային ցուցատախտակի վրա քաղաքացու հերթագրման համարը չկա ու չկա:
Ի վերջո, վերջինս մոտենում է պետին: Պետը քաղաքացուն ցույց է տալիս անտեսանելի տեղում փակցված գրություն, ըստ որի, ID-քարտ ստանալու համար պետք չէ էլեկտրոնային ցուցատախտակին նայել և հերթին սպասել: Փոխարենը` պետք է մտնել հատուկ առանձնացված սենյակ և իրականացնել գործարքը:
Լավ, իսկ ինչու՞ այդ առանձնացված սենյակը չի կարելի համարակալել և տերմինալից ստացված հերթագրման համարը ցուցադրել էլեկտրոնային ցուցատախտակի վրա: Ի վերջո, 21-րդ դարն է: Կամ` արդյո՞ք այդ առանձնացված սենյակի աշխատակցին որևէ կերպ հասանելի չէ այն հանգամանքը, որ իրեն սպասող կա: Բացի դրանից` քաղաքացին անձնագրայինում գտնվել էր շուրջ 1 ժամ և այդ ընթացքում այդ առանձնացված սենյակ որևէ մեկը չմտավ: Այդ դեպքում, ինչու՞ են այդքան հերթեր գոյանում: Հիշեցնեմ` հունվարին հերթագրվողների հերթը հասնում է ապրիլին:
Անձնագրայիններում մի քանի տեսանելի տեղերում «սեղմ ժամկետում» քաղաքացիներին սպասարկելու արժեքների գնացուցակ է փակցված: Ստացվում է` եթե վճարում ես, ապա ի՞նչ հերթ, ի՞նչ օնլայն, ի՞նչ հունվար և ապրիլ, ի՞նչ առանձնացված սենյակ, ի՞նչ էլեկտրոնային ցուցատախտակ: Գումարը վճարում ես և վերջ:
Անկեղծ` անձնագրայինները 20-րդ դարի 80-ականների կոմիսիոն խանութներն են հիշեցնում:
Հա, չմոռանամ նշել, որ Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինի աշխատակիցներն առերևույթ բարեսիրտ էին այնպես, ինչպես 20-րդ դարի 80-ականների կոմիսիոն խանութներում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 2013

Մեկնաբանություններ